Civil Consciousness - Բնապահպանական Խնդիրներ
  • :
  • :


Բնապահպանական Խնդիրներ

Այսօր մեր երկիրը լի է խնդիրներով, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանանում: Կարևորագույն խնդիրներից են բնապանպանական խնդիրները: Շատ մարդկանց կարծիքով այսօր բնապահպանական խնդիրները երկրորդական կամ երրորդական են: Բայց այսօր մարդկային առողջությունը կախված է մաքուր բնությունից. որքան մաքուր է շրջակա բնությունը, այնքան ավելի առողջ են մարդիկ և մեծ են առողջ սերունդ ունենալու երաշխիքները: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր մեր քաղաքում և մեր երկրում: Երևան քաղաքում երկու տասյակ տարի առաջ կային բազմաթիվ կանաչապատ տարածքներ, զբոսայգիներ, որտեղ մարդիկ կարող էին հանգիստ զբոսնել և վայելել հանգիստը: Իսկ այսօր մի քանի մեծահարուստ օլիգարխների ավելի հարստանալու մոլուցքի պատճառով այդ կանաչապատ տարածքների զգալի մասը վերածվել է սրճարանների, ռեստորանների, էլիտար բուտիկների, սուպերմարկետների և այլնի: Այդպիսով քաղաքին զրկելով իր թոքերից:

Այսօր կարևոր են նաև հանքարդյունաբերության խնդիրները: Հայաստանի տարածքում գործող բազմաթիվ կազմակերպություններ ուղղակի անխնա կերպով վերացնում են մեր լեռները և հարթավայրերը: Այդ կազմակերպություները, ստանալով միլիոնավոր դոլարների եկամուտներ, մեր երկրի էկո համակարգին պատճառում են անդառնալի վնասներ: Հումքի արդյունահանումից հետո առաջացած պոչամբարների ծավալը ուղղակի ահռելի է: Այդ պոչամբարները կարծես փոքր թունավոր լճեր լինեն, որոնք վաղուց արդեն գերազանցել են թույլատրելի նորմերը: Այդ պոչամբարները գտնվում են արոտավայրերի հարևանությամբ: Ինքըստինքյան այդ հողն արդեն թունավորված է բազմաթիվ թունաքիմիկատներով, որտեղ արածող կենդանիներից ստացված կանթնամթերքը օգտագործում ենք մենք' վնասելով թե´ մեր օրգանիզմը, թե´ մեր առողջությունը:

Կարևոր է նաև Սևանի ավազանի խնդիրը: Ուղղակի զարմանք է առաջացնում կառավարության վերաբերմունքը Սևանի հանդեպ: Այսօր Սևանա լիճը մեր երկրի համար կարևոր նշանակոթյուն ունի: Լիճը տարածաշրջանում հանդիսանում է ամենամեծ քաղցրահամ ջրի: Սևանա լիճը ոչ միայն անտեսված է, այլ նաև կառավարության կողմից ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք զարմանք են առաջացնում: Վերջերս ընդունված օրենքի համաձայն Սևանա լճից բաց է թողնվելու սահմանված նորմայից ավել' 74 միլիոն խ/մ ջուր: Լճի մակարդակը արհեստական կերպով իջեցումը բերում է նրան, որ լիճը մահանում է: Ձկնատեսակի քանակի նման տեմպերով նվազեցումը նույնպես աղետալի է: 1930 թթ. սկսած 30000-35000 տոննայից այն նվազել է' հասնելով 2-3 տոննայի: Որոշ ձկնատեսակներ իսպառ վերացվել են: Մաքրման աշխատանքներ գրեթե չեն կատարվում: Այն տարածքները, որոնք հանդիսանում են հանրային լողափներ, վերածվել են աղբանոցի: Որոշ վայրերում էլ գոյացել են ճահիճներ:

Վերոնշյալ խնդիրները առատ բանապահպանական խնդիրների ընդամենը 10% են կազմում, որոնց անրաժեշտ է անհապաղ լուծումներ առաջարկել, քանի դեռ վերջանականապես չենք վնասել մեր էկո համակարգը և ստեղծել էկոլոգիական աղետի ծանրագույն վտանգ:
Դաշտում գոյություն ունեն շատ հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն այս խնդիրներով, բայց շատերը զբաղված են գումարները ոչ նպատակային օգտագործելով:

Հ. Գ. Հուսով եմ, որ թե´ բնապահպանության նախարարությունը, թե´ կառավարությունը, թե´ դաշտում գոյություն ունեցող բոլոր կազմակերպությունները կգիտակցեն խնդիրների կարևորությունը և կառաջարկեն լուծումներ քանի դեռ ուշ չէ. քանի դեռ բնությանը չենք հասցրել անդառնալի վնասներ և դրա հետևանքով կանգնել էկոլոգիական աղետի առաջ:

«Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ Բնապահպանական հանձնաժողովի նախագահ' Իշխան Խոսրովյան

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1420
Տեղադրվել է՝15:14:41 26-03-2014