Civil Consciousness - Տլալետոլկոյի Սպանդ
  • :
  • :


Տլալետոլկոյի Սպանդ

«Տլալետոլկոյի սպանդը», որը հայտնի է նաև «Տլալետոլկոյի գիշեր» անվամբ, խաղաղ ցուցարարների հանդեպ ցույցի ժամանակ կառավարության կողմից ուժի կիրառում է, որը տեղի է ունեցել 1968թ. hոկտեմբերի 2-ին Երեք Մշակույթների հրապարակում:

Նշենք, որ ցուցարարների զգալի մասը ուսանողներ էին: Այդ իրադարձությունները տեղի են ունեցելՄեխիկոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերից 10 օր առաջ:

Մինչ պաշտոնական լրատվամիջոցները նշում էին, որ կրակ արձակելը եղել է ի պատասխան ցուցարարների կրակոցների, հետագայում հայտնաբերված փաստերը վկայում են այն մասին, որ դիպուկահարները եղել են նախագահի անվտանգության աշխատակազմից: Սպանվածների թիվը վիճելի է. պաշտոնական աղբյուրները հաղորդում էին 30 սպանվածի մասին, իսկ այլ աղբյուրների ներկայացմամբ սպանվածների թիվը հասնում էր հազարների: Սակայն կարծիքները հիմնականում համընկնում են այն տարբերակի շուրջ, որ սպանվածների թիվը եղել է մոտավորապես 200-300 մարդ: Հայտնի չէ նաև ձերբակալվածների ստույգ թիվը:

Մեքսիկան Լատինամերիկյան երկրներից առաջինն էր, որը ընդունում էր Օլիմպիական խաղերը: Մինչ այդ Լատինական Ամերիկայի որևէ երկիր նման հնարավորություն չէր ստացել: Խաղերի կազմակերպման նպատակով կառավարությունը առանձնացրեց 150 մլն դոլլար. հսկայական մի գումար, եթե հաշվի առնենք երկրում տիրող աղքատության մակարդակը:

Նախագահ Գուստավո Դիասի կառավարման ժամանակ ճնշվում էին արհմիությունները և ֆերմերային տնտեսությունները: 1958թ. աշխատանքային լիդեր Դեմետրիո Վալյեխոն փորձեց ստեղծել երկաթգծի ճանապարհների աշխատավորների անկախ արհմիությունը, որը մեքսիկական կառավարությունը միանգամից ցրեց, իսկ առաջնորդը ձերբակալվեց:

Երկրում համատարած դժգոհության ֆոնի վրա ծնվեց ուսանողական շարժումը, որի պահանջները սկզբից վերաբերում էին երիտասարդության զբաղվածությանը և ուսանողական հաստատությունների ինքնավարության հանդեպ հարգանքի պահանջին: Աշխատավորների և գյուղացիների պայքարը ընդհանուր առմամբ չէր տարբերվում ուսանողների պայքարից:

1968 թ. հուլիսի 23-ին ուսանողական շարժումը ուժեղացավ այն բանից հետո, երբ իշխանությունը հարձակվեց Մեխիկոյում գտնվող համար 5 մասնագիտացված տեխնիկական դպրոցի վրա, որը և ուսանողական ինքնավարության առաջին խախտումն էր: Համաձայն ոստիկանների պնդումների՝ նրանք հարձակվել էին այդ դպրոցի վրա, որպեսզի վնասազերծեն այնտեղ հանգրվանած փողոցային բրիգադաներին:

Գրենադերները, որոնք հասարակական կարգի պահպանման ոստիկաններն էին, օգտագործվում էին իշխանության կողմից ուսանողական ելույթները ճնշելու համար: Հատկանշական է, որ դպրոցի գրավման գործողությունների ժամանակ ծեծվում էին բազմաթիվ դասախոսներ և ուսանողներ: Անտոնիո Կերիգի ոչ պաշտոնական հարցազրույցների ժամանակ գրենադերները նշում էին, որ իրենց պարգևատրում էին 30-ական պեսո յուրաքանչյուր ծեծված և բանտ նետված ուսանողի դիմաց:
Ի պատասխան մոլեգնող ռեպրեսիաների' ուսանողները սկսեցին կազմել «Բրիգադաներ» (Brigadas), որոնք 6 կամ ավել մարդկանցից բաղկացած խմբեր էին և թռուցիկներ էին տարածում շուկաներում, հասարակական տրանսպորտում: Հարցերը, որոնք ուսանողները բարձրացնում էին իրենց մեջ ներառում էին և´ գյուղատնտեսական, և´ քաղաքական, և´ կենցաղային խնդիրներ: Մի խումբը նստում էր ավտոբուս' ուղևորների հետ կոռուպցիայի մասին զրուցելու նպատակով, մյուս խումբը միաժամանակ բաժանում էր թռուցիկներ և կատարում հանգանակություններ: Արդյունքում ուղևորները և վարորդները սկսեցին աջակցել ուսանողներին բարձրացրած հարցերի շուրջ, որը արտահայտվում էր հանգանակության գումարի աճով:

Օգոստոսի 1-ին UNAM-ի (Մեքսիկայի Ազգային Ինքնավար Համալսարան) ռեկտոր Բարոսա Սյերան կառավարության ռեպրեսիվ գործողությունների և համալսարանական ինքնավարության խախտման դեմ խաղաղ ցույց իրականացնելու նպատակով 50 000 ուսանող դուրս բերեց: Ցույցի հանգստությունը ապացուցեց Մեքսիկայի հանրությանը, որ ուսանողները ըմբոստներ չէին: Այն նաև ապացուցեց, որ կոմունիստական առաջնորդները չէին համակարգում ուսանողների գործողությունները: Բողոքի ուղին նախորոք սահմանվել էր, որը շարունակվեց առանց խախտումների և ձերբակալությունների:

Սեպտեմբերի 9-ին UNAM ռեկտոր Խավիեր Բարոսա Սյերան կոչ արեց ուսանողներին և դասախոսներին վերադառնալ ուսուցմանը, որն ուղեկցվեց սեպտեմբերի 13-ին CNH-ի անունից «Էլ Դիա» թերթում արված հայտարարությամբ, որը կոչ էր անում «բոլոր աշխատողներին, գյուղացիներին, ուսուցիչներին, ուսանողներին և լայն հանրությանը» մասնակցել երթին: Հայտարարության մեջ CNH-ն նշում էր, որ երթի կազմակերպիչները ոչ մի կապ չունեն «Տասնիններորդ Օլիմպիական Խաղերի կամ Մեքսիկայի անկախության պատվին ազգային տոների հետ, և որ հանձնաժողովը ոչ մի դեպքում մտադիր չէ միջամտել դրանց»: Հայտարարությունը նաև կրկնեց CNH-ի վեց պահանջների ցուցակը:
Հոկտեմբերի 2-ի կոտորածին նախորդել են Մեքսիկայի մայրաքաղաքում ամիսներ կրկնվող ուսանողական ցույցեր, և անկարգություններ' երկրով մեկ: 1968 թ. ամռանը Մեքսիկայի կառավարության կողմից ուսանողական ինքնավարության խախտումից հետո պաշտոնապես ձևավորված Գործադուլի Ազգային Խորհուրդը կազմակերպում էր հետագա բողոքները Դիաս Օրդասի կառավարության դեմ: CNH ուսանողների ժողովրդավարական միությունը բաղկացած էր Մեքսիկայի 70 համալսարաններից և դպրոցներից: Այն համակարգում էր բողոքները, որոնք նպաստում էին սոցիալական, կրթական և քաղաքական բարեփոխումներին: CNH խորհրդին մասնակցում էին 240 ուսանող պատվիրակներ և բոլոր որոշումները ընդունվում էին ձայների մեծամասնությամբ: Ռաուլ Ալվարես Գարինը, Սոկրատ Կամպոս Լեմուսը, Մարսելինո Պերելյոն և Ժիլբերտո Գավարա Նյեբլան CNH-ի չորս ոչ ֆորմալ առաջնորդներն էին: Մինչ ողջ աշխարհը կենտրոնացել էր Մեխիկոյի վրա Օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման պատճառով, CNH առաջնորդները ուզում էին օգտագործել այդ ուշադրությունը հասունացած քաղաքական և սոցիալական դժգոհությունների խաղաղ լուծման համար: CNH-ը պահանջում էր.

1. Արգելել Գրանդիրների աշխատանքը (ոստիկանական կորպուս):
2. Ազատություն տալ քաղբանտարկյալներին:
3. Ազատել աշխատանքից ոստիկանապետին և նրա տեղակալին:
4. Ազատել աշխատանքից պաշտոնյաներին, որոնք պատասխանատու էին նախորդ կառավարական հալածանքների ընթացքում կատարված արնահեղության համար (հուլիս, օգօստոս):

Սակայն նախագահ Գուստավո Դիաս Օրդասը տրամադրված էր դադարեցնել ցույցերը: Այդ նպատակով սեպտեմբերին հրամայեց, որ բանակը գրավի Մեքսիկայի Ազգային Ինքնավար Համալսարանի' երկրի ամենամեծ համալսարանի ուսանողական քաղաքը: Ուսանողները ծեծվեցին և ձերբակալվեցին առանց խտրականության: Սեպտեմբերի 23-ին ռեկտոր Խավյեր Բարոս Սյերան դադարեցրեց իր բողոքը տվյալ գործողությունների վերաբերյալ:

1968 թ. հոկտեմբերի 2-ին' «Լա Նոչե դե Տլատելոլկո», մոտ 10 000 ուսանողներ հավաքվեցին դե լաս Տրես Կուլտուրաս հրապարակում, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն կառավարության գործողությունների դեմ: Նրանք հավաքվել էին առաջին հերթին իրենց խաղաղ մտադրությունները շեշտելու նպաստակով: Չնայած այն հանգամանքին, որ նրանց վանկարկումներում կային «մենք չենք ուզում Օլիմպիական Խաղեր, մենք հեղափոխություն ենք ուզում» խոսքերը: Կազմակերպիչները նույնիսկ չէին փորձում դադարեցնել բողոքը, երբ նկատեցին աճող ռազմական ներկայությունը տարածքում: Կեսօրից հետո' 18:30-ին մոտ 5 000 զինվորներ շրջապատեցին հրապարակը: Հրապարակի ուղղությամբ հնչած առաջին կրակոցից հետո կատարվածը տասնամյակներ շարունակ անհասկանալի էր մնում:

Կոտորածը սկսվեց մայրամուտին, երբ ոստիկանությունը և զինված ուժերը զրահամեքենաներով և տանկերով շրջապատեցին հրապարակը: Հարցը, թե ով է առաջինը կրակել, անորոշ էր մնում երկար տարիներ: Կառավարությունը հայտարարում էր, որ կրակը բացվել է հրապարակը շրջապատող բնակարաններից, ինչը բանակի պատասխան գործողությունների պատճառ է հանդիսացել: Սակայն ուսանողները պնդում էին, որ ուղղաթիռները վերևից բանակին ամբոխի վրա կրակ բացելու ազդանշան էին արել:

Հեղինակ և լրագրող Էլենա Պոնյատոսկայան հարցազրույց է վերցրել նրանցից, ովքեր այդ գիշեր հրապարակում էին և նկարագրում է այն իր «Կոտորած Մեքսիկայում» գրքում. «Հանկարծ երկնքում լույսեր հայտնվեցին, և բոլորն ինքնաբերաբար նայեցին այնտեղ: Այդ ժամանակ էլ լսվեցին առաջին կրակոցները: Ամբոխը վախեցավ և բոլորը սկսեցին վազել տարբեր ուղղություններով: Չնայած կարգը վերականգնելու CNH մասնակիցների բոլոր ջանքերին՝ հրապարակը լցվեց քաոսով»:

Դրանից որոշ ժամանակ անց զինվորներից, ոստիկաններից և դաշնային անվտանգության գործակալներից կազմված Օլիմպիական Գումարտակին հրամայվեց ձերբակալել CNH առաջնորդներին: Օլիմպիական Գումարտակի անձնակազմը կրում էր սպիտակ ձեռնոցներ, որպեսզի տարբերվեր ցուցարարներից և զինվորները կրակ չարձակեին իրենց վրա: Կապիտան Էռնեստո Մորալես Սոտոնի խոսքերով «եկնքում լույսի' նախապես կազմակերպված ազդանշանի հայտնվելուց հետո, մենք պետք է շրջապատեինք դեպի հրապարակ տանող երկու մուտքերը և թույլ չտայինք, որ ինչ-որ մեկը լքեր այն»: Հրապարակի վրա այս հարձակումը հարյուրավոր զոհեր թողեց և ավելի մեծ քանակությամբ վիրավորներ: Զինվորները կրակում էին ամբոխի վրա' գնդակահարելով ոչ միայն ցուցարարներին, այլ նաև վկաներին: Ցուցարարները և պարզապես անցորդները, այդ թվում նաև երեխաներ, ովքեր սպանվել էին, պառկած էին գետնին, որոշ տեղերում ստեղծելով դիակների բլուրներ: Սպանությունները շարունակվում էին գիշերվա ընթացքում: Վկաները պնդում են, որ սկզբում դիակները տանում էին սանիտարական մեքենաներով, իսկ հետո' բեռնատարներով:
Կառավարության բացատրությունը կայանում էր նրանում, որ ցուցարարների մեջ գտնվող զինված սադրիչները տեղավորվել էին հրապարակը շրջապատող շենքերում և, թողնելով ցուցարարներին, կրակ են բացել: Իսկ անվտանգության ուժերը պարզապես վերականգնում էին կարգը' չանցնելով ինքնապաշտպանության սահմանները: Հաջորդ առավոտյան թերթերը հայտնեցին, որ 20-28 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավոր են, իսկ հարյուրից ավելին' ձերբակալված: Մեքսիկական ԶԼՄ-ներից շատերը հայտնեցին, որ ուսանողները հրապարակը շրջապատող բնակելի շենքերից դիպուկահարների կրակով պատասխան գործողություններ հրահրեցին բանակի կողմից: «Էլ Դիաս առավոտ»-ը իր' 1968 թ. հոկտեմբերի 3-ի թողարկումը անվանեց այսպես. «Տլատելոլկոյում Քրեական Սադրանքը Պատճառ Հանդիսացավ Սարսափելի Արյունահեղության»: Կառավարության կողմից վերահսկվող ԶԼՄ-ները պարտաճանաչ կերպով տարածեցին մեքսիկական այդ գիշերվա իրադարձություների մասին կառավարության տարբերակը:

2001 թ. ուսումնասիրությունը ի հայտ բերեց փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ դիպուկահարները նախագահական թիկնապահների անդամներ էին և պատասխան կրակ ստանալու ակնկալիքով հանձնարարություն էին ստացել կրակ արձակել ցուցարարների վրա:

1998 թ.' Տլատելոլկոյի 30-ամյակի ժամանակ, նախագահ Էռնեստո Սեդիլյոն կոնգրեսին թույլ տվեց իրականացնել հոկտեմբերի 2-ի իրադարձությունների հետաքննություն: Սակայն կառավարությունը, PRI կուսակցության ղեկավարությամբ, շարունակում էր համառորեն թաքցնել կառավարական պաշտոնական փաստաթղթերը' կապված միջադեպի հետ: 2002 թ. Քեյթ Դոյլի' Մեքսիկայի Փաստաթղթային Ծրագրի Ամերիկյան Ազգային Անվտանգության արխիվի տնօրենի հետ ռադիո հարցազրույցում նկարագրված էին PRI կառավարության հետաքննությունները. «Ես նկատի ունեմ' այս տարիների ընթացքում շատ հետաքննություններ են եղել: Փաստորեն, նախկին նախագահ Միգել դե լա Մադրիդը մամուլին հարցազրույց է տվել և ասել, որ ինքը զինվորականներից պահանջել է հասանելիություն այդ իրադարձությունների փաստաթղթերին և նկարներին ու ենթարկվել է հսկայական քաղաքական ճնշման: Եվ երբ նա, այնուամենայնիվ, շարունակել է հասանելիություն պահանջել, զինվորականները և ներքին գործերի նախարարությունը պատասխանել են, որ այդ պահին իրենց փաստաթղթերը խառնաշփոթի մեջ են, և իրենց մոտ ոչինչ չի մնացել»:

«La Noche Triste»-ից («Տխուր գիշեր») հետո բազմաթիվ հարցեր էին մնում, որոնց Մեքսիկայի կառավարությունը 30 տարի շարունակ չէր կարողանում պատասխանել: Ի վերջո, 2001 թ. նախագահ Վիսենտե Ֆոքսը, ով ավարտել էր 70-ամյա գահակալությունը PRI-ում, փորձեց պատասխանել 1968 թ. իրադարձությունների վերաբերյալ ամենակարևոր հարցին' ով է կազմակերպել կոտորածը: Նա բազմաթիվ փաստաթղթեր հրապարակեց. «փաստաթղթերը ցույց տվեցին, որ Էլենա Պոնյատովսկայի կողմից հոկտեմբերի իրադարձությունների մեկնաբանությունը բավականին ճշգրիտ էր»:

2002 թ. Նախագահ Ֆոքսը Իգնասիո Կարիլյո Պրյետոյին նշանակեց կոտորածի սկզբում մեղավորներին դատարանի առջև կանգնեցնելու պատասխանատու: 2006 թ. նախագահ Լուիս Էչեվերիան կալանավորվեց ցեղասպանության մեղադրանքով: Սակայն 2009 թ. մարտին, ոլորված բողոքարկման գործընթացից հետո, Էչեվերիայի դեմ ցեղասպանության մեղադրանքները հանվեցին: «Մեքսիկական Լուրեր» թերթը հայտնեց, որ «երեք դատավորների առաջին ատյանի դատարանը վճռեց, որ չկային բավարար ապացույցներ, որոնք կհաստատեին Էչեվերայի կապը 1968 թ. հոկտեմբերի 2-ին հարյուրավոր բանախոս ուսանողների բռնի ճնշման հետ»: Չնայած արդարացմանը' դատախազ Կարիլո Պրիտոն ասաց, որ նա շարունակելու է իր հետաքննությունը և Էչեվերիայի դեմ հայց ներկայացնելու Միավորված Ազգերի Կազմակերպության Միջազգային Դատարան ու Միջամերիկյան Մարդու Իրավունքների հանձնաժողով:

2006 թ. հունիսին 84 ամյա հիվանդ Էչեվերիան մեղադրվեց ցեղասպանության համար և տնային կալանքի տակ վերցվեց: Հուլիսի սկզբին նրանից հանվեցին մեղադրանքները վաղեմության ժամկետի լրանալու պատճառով:

2008 թ. դեկտեմբերին Մեքսիկայի կառավարությունը համաձայնեց հաջորդ տարվանից հոկտեմբերի 2-ը համարել ազգային սգո օր:

Նյութը պատրաստեց' Դավիթ Ֆիդանյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1448
Տեղադրվել է՝19:33:51 28-03-2014