Civil Consciousness - Ի՞նչ է Եվրախորհուրդը
  • :
  • :


Ի՞նչ է Եվրախորհուրդը

Եվրախորհուրդը խաղաղությանն ու համագործակցությանն ուղղված եվրոպական հետպատերազմյան ամենահին կազմակերպությունն է: Այն ունի 47 անդամ: 2001 թվականից դրանց թվում է նաև Հայաստանը: Եվրախորհրդում գործում է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը, որը պաշտպանում է բոլոր եվրոպացիների հիմնական իրավունքները: Եվրախորհուրդը Եվրամիությունից անկախ հաստատություն է:

Խաղաղություն, բարեկամություն, համագործակցություն

Ավերիչ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո բազմաթիվ երկրներում մարդիկ և նրանց քաղաքական գործիչները եկան այն եզրակացության, որ հարկավոր է ստեղծել Եվրոպական մի հաստատություն, որն իրեն պատասխանատու կզգա խաղաղության ու պետությունների համագործակցության համար: Դեռևս առաջին Եվրոպական Համայնքից առաջ (Ածխի և Պողպատի, 1952 թ.), որից հետագայում ծնունդ առավ Եվրամիությունը, 1949 թվականին հիմնադրվեց Եվրախորհուրդը՝ ապահովելու համար խաղաղությունը, համագործակցությունը, բարեկամությունը Եվրոպայում: Սկզմբնապես այն բաղկացած էր 10 երկրից, իսկ այսօր ունի 47 անդամ պետություն: Այն հիմնադրվեց՝ համագործակցության և համընդհանուր բարեկամության միջոցով նոր պատերազմները կանխելու և Երկրորդ Համաշխարհային պատերազմի փորձություններից հետո Եվրոպան միավորելու համար:
Եվրախորհուրդն անկախ կազմակերպություն է և ավելի հին է, քան Եվրամիությունը: Այն տարբերվում է Եվրամիությունից իր կազմով և իր խնդիրներով: 1949 թվականի մայիսի 5-ի կանոնադրությունը հետևյալ կերպ է սահմանում Եվրախորհրդի խնդիրը՝
«Եվրախորհրդի խնդիրն է սերտ կապ հաստատել իր անդամենրի միջև՝ ի պաշտպանություն և աջակցություն այն իդեալների և սկզբունքների, որոնք կազմում են նրանց ընդհանուր ժառանգությունը, և աջակցել նրանց տնտեսական և սոցիալական առաջընթացին»:
Սա նշանակում է, որ նա պարտավոր է ուժեղացնել ժողովրդավարությունը, իրավական պետությունը և մարդու իրավունքներն իր անդամ պետություններում և ծառայել նրանց տնտեսական և սոցիալական առաջընթացին: Բացի դրանից նա պետք է աջակցի Եվրոպայի մշակութային ինքնությանը և բազմազանության զարգացմանն ու դրանց գիտակցմանը և օգնի համատեղել լուծումներ գտնելու Եվրոպական հասարակության առաջ ծառացող մարտահրավերների համար: Ռազմաքաղաքական հարցերը Եվրախորհրդի իրավասությունների մեջ չեն մտնում:

Մարդու Իրավունքների Պաշտպանություն

Եվրախորհրդի գլխավոր խնդիրներից մեկը 1953 թվականին ուժի մեջ մտած Մարդու Իրավունքների Պաշտպանության կոնվենցիայում ամրագրված մարդու իրավունքների պաշտպանությունն է: Այս կոնվենցիան, որին միացել են բոլոր 47 անդամ պետությունները, հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիք է հանդիսանում: Յուրաքանչյուր քաղաքացի, ով ապրում է Եվրախորհրդի անդամ որևէ երկրում, համաձայն Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի կարող է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան այն դեպքում, եթե նրա բողոքին իր երկրի իրավական համակարգում ընթացք չի տվում:

Աշխատաձևը

Եվրախորհրդի իշպխանությունը այնուհանդերձ սահմանափակվում է նրա համոզիչ լինելու կարողությամբ: Պետոթյունների միջև համագործակցույթունը տեղի է ունենում կոնֆերանսների, համաձայն ակցիաների, կամպանիաների և հանձնարարականների միջոցով: Այժմ գոյություն ունեն ավելի քան 200 կոնվենցիաներ և համաձայնագրեր, որոնք գործում են միայն այն անդամ պետություններում, որոնց կողմից վավերացվել են: Այսպիսով՝ անդամ պետությունները յուրաքանչյուր համաձայնագրի դեպքում կարող են որոշել, արդյոք հավանություն է տալիս դրան, թե ոչ, նրանց չի կարելի հարկադրել ընդունելու որոշակի կարգավորումներ: Բացառություն է կազմում Մարդու Իրավունքի Եվրոպական կոնվենցիան, որը ասես «մուտքի տոմս» է Եվրախորհրդի համար: Ով այն չի ընդունում, չի կարող Եվրախորհրդի անդամ դառնալ կամ նրա անդամ մնալ:

1990 թվականից սկսած զարգացումը

Մինչև Եվրոպայի բաժանման ավարտը Եվրախորհուրդը «Արևմուտքի» պետությունների միավորում էր հանդիսանում, 1990-ից սկսած նրան անդամակցեցին Արևելյան և Հարավային Եվրոպայի երկրները, այնպես որ այն այսօր համաեվրոպական հաստատություն է: Եվրախորհրդի անդամ չէ միայն Բելառուսը, Կոսովոն և Վատիկանը: 1990-ականների սկզբից սկսած Եվրախորհրդի քաղաքական նշանակությունն աճել է: Իրենց երկրներում դեմոկրատական կառույցներ ստեղծելու գործում նա աջակցել և աջակցում է նախկին սոցիալիստական պետություններին տարբեր հատստատություններով, ծրագրերով և կազմակերպություններով: Հաճախ ասում են, որ Եվրախորհուրդը Եվրամիության անդամություն տանող առաջին աստիճանն է: Իրավական առումով այստեղ որևէ կապ գոյություն չունի: Այնուհանդերձ դեռևս երբեք ոչ մի երկիր, որը նախկինում չի անդամակցել Եվրամիության (նախկինում՝ Եվրոպական համայնքների) անդամ չի դարձել:
Եվրախորհրդի նստավայրը Ստրասբուրգում է: Նրա գործերը ղեկավարում է Գլխավոր քարտուղարը:

Չթերագնահատել Եվրախորհրդին

Եվրախորհդին հաճախ թերագնահատում են, որովհետև նա իրավունք չունի ընդունելու բոլորի համար պարտադիր կարգավորումներ, ինչպես դա տեղի է ունենում Եվրամիության պարագայում: Այնուամենայնիվ, Եվրախորհուրդը եվրոպական ինտեգրման կարևոր մարմին է: Այստեղ կարելի է համագործակցություն կազմակերպել, մտքեր և փորձ փոխանակել, միմյանց սովորեցնել և համատեղ գործեր մշակել: Ցանկալի է, որ հատկապես այն երկրները, որոնք գտնվում են տնտեսական և քաղաքական արմատական վերափոխումների գործընթացում, օգտագործեն Եվրախորհրդի կողմից իրենց ընձեռված հնարավորությունները:

Հայաստանը Եվրախորհրդում

Հայսատանը Եվրախորհրդի անդամ է դարձել 2001 թվականի հունվարի 25-ին: 2013 թվականի մայիսի 16-ին նա ստանձնեց Եվրախորհրդի Նախարարների Խորհրդի նախագահությունը, որը 2013 թվականի նոյեմբերի 13 փոխանցել է Ավստրիային: Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանը ներկայացված է 4 պատգամավորով և տեղակալներով: Դրանից բացի՝ Հայաստանը Մարդու Իրավունքների եվրոպական դատարան է գործուղել մեկ կին դատավոր: 2011 թվականին հայերը 173 անգամ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայաստանյան գործերով 2011 թվականին ընդունվել է 5 որոշում: Երկու դեպքում Հայաստանը դատապարտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտման պատճառով: Հայաստանը վավերացրել է Եվրախորհրդի 56 կոնվեցիա, ստորագրել է ևս 12-ը, որոնք սակայն դեռևս ուժի մեջ չեն մտել:

Նյութն արտատպված է Ֆրիդրիկ Նաոմանի անվան' «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից տպագրված «Հայաստան և Եվրոպա. Առասպելներ, մարտահրավերներ և հնարավորություններ» գրքից



Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1389
Տեղադրվել է՝00:59:51 09-04-2014