Civil Consciousness - Ի՞նչ է խաղաղ պայքարը
  • :
  • :


Ի՞նչ է խաղաղ պայքարը

Խաղաղ պայքարը հասարակական միջոցառումների բարդ համակարգ է, որն իր մեջ ներառում է բազմաթիվ մեթոդներ, փոփոխության մի շարք մեխանիզմներ և հատուկ վարքի դրսևորման պահանջներ: Քաղաքական անհնազանդությունը մանրակրկիտ մշակման և նախապատրաստման կարիք ունի՝ հատկապես բռնապետության դեմ արդյունավետ գործելու համար: Ապագա պայքարի դուրս եկածները պետք է հասկանան, թե իրենցից ինչ է պահանջվում: Անհրաժեշտ ռեսուրսները պետք է հասանելի լինեն, իսկ ռազմավարություն մշակողները պետք է վերլուծեն, թե խաղաղ պայքարն առավելագույնս որքան արդյունավետ կարող է կիրառվել:

Բռնապետության դեմ ուղղված քաղաքական անհնազանդության քարոզարշավները կարող են տարբեր ձևերով սկսվել: Նախկինում նմանատիպ պայքարները գրեթե միշտ եղել են առանց պլանավորման և, ըստ էության, ինքնաբուխ: Այդ գործողությունները նախաձեռնելու պատճառ են հանդիսացել ամենատարբեր դժգոհությունները, սակայն առավել հաճախ դրանք եղել են նոր դաժանությունների, մեծ հարգանք վայելող անձնավորության ազատազրկման կամ սպանության, նոր պատժիչ քաղաքականության կամ հրամանի, պարենային անբավարարության, կրոնական հավատալիքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի կամ էլ առնչվող որևէ կարևոր իրադարձության տարելիցի պատճառով: Առանձին դեպքերում բռնապետության կողմից իրականացվող որևէ գործողության նկատմամբ բնակչության զայրույթն այնքան մեծ է եղել, որ նրանք կոնկրետ գործողության են անցել առանց պատկերացում ունենալու, թե ինչ ավարտ կարող է այն ունենալ: Մնացած դեպքերում գործողության նախաձեռնողները եղել են համարձակ անհատներ կամ փոքր խմբեր, որոնց գործողությունները հետագայում աջակցություն են ստացել: Սակայն նշված սցենարներից բացի հնարավոր են նաև դեպքեր, երբ որևէ կոնկրետ դժգոհություն մյուսների կողմից ընկալվի որպես անցյալում արդեն իսկ ճաշակած անարդարություններից մեկը և նպաստի, որպեսզի նրանք էլ միանան պայքարին: Մեկ այլ իրավիճակում էլ փոքր խմբի կամ անհատի կողմից արված դիմադրության կոչը կարող է անսպասելիորեն մեծ արձագանք ստանալ:

Չնայած ինքնաբուխ անհնազանդության դրական կողմերին, այն առավել հաճախ թերություններ է ունեցել: Հաճախ ժողովրդավար դիմադրողների կողմից բռնապետության սադրանքները չկանխատեսելու արդյունքում եղել են մեծ տառապանքներ, իսկ դիմադրությունը ձախողվել է: Որոշ դեպքերում էլ ժողովրդավարների կողմից հստակ պլանավորման բացակայության պատճառով կարևոր որոշումների կայացումը մնացել է պատահականության հույսին՝ իր աղետալի հետևանքներով: Նման դեպքերում նույնիսկ բռնի համակարգի տապալումից հետո ժողովրդավարական համակարգին անցումն ապահովող հստակ պլանավորման բացակայությունը հանգեցրել է նոր բռնապետության ի հայտ գալուն:

Ապագայում բռնապետությունների դեմ ուղղված ապստամբությունների ժամանակ ինքնաբուխ ժողովրդական գործողություններն անկասկած որոշիչ դեր կունենան, այնումանենայնիվ, արդեն այսօր հնարավոր է հաշվել բռնապետության կործանման ամենաարդյունավետ միջոցները, գնահատել, թե երբ են քաղաքական իրավիճակը և ժողովրդական տրամադրությունները հասունացել և ընտրել պայքարի նախաձեռնման մեխանիզմը: Ստեղծված պայմաններում ազատություն ձեռք բերելուն միտված արդյունավետ միջոցների ընտրության համար անհրաժեշտ է խորը ուսումնասիրություն՝ հիմնված իրավիճակի և բնակչության կարողությունների իրատեսական գնահատման վրա:

Աշխարհի տարբեր մասերում գտնվող ազատության առանձին կողմնակիցներն իրենց ամբողջ կարողությունները չեն կենտրոնացնում այն խնդրի շուրջ, թե ինչպես հասնել կայուն ժողովրդավարության: Ազատության այս պաշտպանները նախքան կոնկրետ գործողությունների անցնելը հազվադեպ են լիովին գիտակցում երկարատև ռազմավարության մշակման կարևորությունը, ուստի գրեթե միշտ անտեսում են այս կարևոր դրույթը:

Ո՞րն է պատճառը, որ սեփական ժողովրդին քաղաքական ազատություն պարգևելու տեսլական ունեցողներն այդքան հազվադեպ են մշակում այդ նպատակին հասնելուն ուղղված ամբողջական ռազմավարական ծրագիր: Ցավոք, ժողովրդավար ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչները հաճախ չեն գիտակցում ռազմավարության մշակման անհրաժեշտությունը կամ էլ չեն տիրապետում ռազմավարական մտածելակերպին: Խնդիրը բավականին բարդ է:

Գործողություն նախաձեռնող որոշ ակտիվիստներ էլ առաջնորդվում են նրանով, որ պետք է անեն այն, ինչ «զգում» են: Սակայն այսպիսի մոտեցումներն իրենց բնույթով ոչ միայն եսակենտրոն են, այլևհնարավորություն չեն տալիս ազատագրման ռազմավարության զարգացման համար անհրաժեշտ կողմնակի աջակցություն ցուցաբերելուն:

Առանձին անհատի «փայլուն գաղափարի» վրա հիմնված գործողությունը նույնպես սահմանափակ է, փոխարենն անհրաժեշտ է գործողություն՝ հիմնված բռնապետությունը տապալելու համար անհրաժեշտ «հետագա քայլերի» մանրամասն հաշվարկների վրա:

Անհրաժեշտ է միշտ հիշել, որ նպատակը ոչ թե պարզապես առկա բռնապետության կործանումն է, այլ փոխարինումը ժողովրդավարական համակարգով: Այն շարժման ռազմավարությունը, որի նպատակները սահմանափակվում են միայն գործող բռնապետության ոչնչացմամբ, կանգնած է նոր բռնապետի ի հայտ գալու վտանգի առջև:


Նյութը պատրաստված է Ջ. Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գրքի հիման վրա


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1324
Տեղադրվել է՝14:07:15 20-04-2014