Civil Consciousness - Ի՞նչ է նշանակում ինքնիշխանություն
  • :
  • :


Ի՞նչ է նշանակում ինքնիշխանություն

Ցանկացած պետականության հիմնական հատկանիշներից է ինքնիշխանությունը: Ինքնիշխանություն, առհասարակ, նշանակում է պետական իշխանության գերակայություն ու անկախություն և դրան համապատասխան պետական իշխանություն, կամ որ նույնն է՝ ինքնիշխան պետություն, նշանակում է տվյալ պետության պետական իշխանության գերակայությունը երկրի ներսում և նրա անկախությունն արտաքին հարաբերությունների ոլորտում, այսինքն՝ պետության ողջ տարածքում պետական իշխանության լիիշխանություն, որը բացառում է ամեն մի օտարերկրյա իշխանություն, ինչպես և միջազգային հարաբերությունների ոլորտում՝ պետության չենթարկվելն օտարերկրյա պետությունների իշխանություններին: Սկզբունքորեն պետության ինքնիշխանությունը միշտ ամբողջական է և բացառիկ, որքանով եթե պետությունը չունի ինքնիշխանություն, ապա այդ պետությունը դադարում է որպես պետություն գոյություն ունենալուց: Ինքնիշխանությունը պետական իշխանության կարևորագույն հատկությունն է և պետության որակական հատկանիշը, որը բնութագրում է պետության իրավաքաղաքական էությունը:

Պետության ինքնիշխանությունից զատ տարբերում են նաև ժողովրդի ինքնիշխանության հասկացությունը, որը հասկացվում է որպես ժողովրդի լիիշխանություն, այսինքն՝ ժողովուրդն ունի սոցիալ-տնտեսական, քաղաքական որոշակի միջոցներ և լծակներ հասարակության և պետության կառավարման գործերին միջամտելու և մասնակցելու գործում: Ժողովրդի ինքնիշխանության այսպիսի ըմբռնումը ժողովրդավարական բոլոր պետություններում համարվում է սահմանադրական կարգի հիմնական սկզբունքներից մեկը և այս կամ այն ձևակերպումով տեղ է գտել այդ պետությունների սահմանադրություններում: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրությունում ամրագրված է, որ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» (հոդ. 2): Հետևաբար, սահմանադրական այս դրույթով արձանագրվում է այն փաստը, որ իշխանության միակ, միասնական և անբաժանելի կրողը ժողովուրդն է: Միաժամանակ այդ դրույթից բխում է, որ ժողովուրդն իշխանության սկզբնաղբյուրն է և ժողովրդի կամքը (համապատասխան իրավաբանական ձևակերպումներով արտահայտված) պետության միակ և ճշմարիտ հիմքն է: Ժողովրդի ինքնիշխանությունը որքանով բնական իրավունքի դրսևորման մի ձևն է և, հետևաբար, ժողովրդի անօտարելի ու անբաժանելի իրավունքը, դառնում է այն հիմքը, որից բխում է պետական իշխանության ամեն մի փոփոխության կազմակերպման իրավունքը: Եվ դրան համապատասխան՝ ժողովուրդն իրավունք ունի նաև դիմադրելու բոլոր այն ուժերին, որոնք կարող են փորձել բռնազավթել իշխանությունը: Եվ ամենևին պատահական չէ, որ այդ դրույթի տրամաբանական շարունակությունը նույնպես տեղ է գտել ՀՀ Սահմանադրության մեջ՝ «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է» (հոդ. 2):

Այսպիսով, համեմատելով ժողովրդի ինքնիշխանության և պետության ինքնիշխանության հասկացությունները, պարզ է դառնում, որ պետության ինքնիշխանությունը բխում է ժողովրդի ինքնիշխանությունից և, պետությունն իբրև ինքնիշխան ժողովրդի ներկայացուցիչ, կարող է և պարտավոր է ամբողջ ծավալով արտահայտել ու իրականացնել իր քաղաքացիների կամքը, ապահովել նրանց իրավունքներն ու շահերը: Այս հիմնական գործառույթը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե պետությունն ինքնիշխան է: Այլ կերպ ասած՝ ժողովուրդն է ստեղծում և կրում պետության ինքնիշխանությունը, իսկ ժողովրդի կամարտահայտությունը ստեղծում է պետական իշխանություն: Այսպիսի մոտեցումը ցույց է տալիս նաև, որ անմիջականորեն ժողովուրդն է պետական իշխանության երաշխավորը, որքանով պետական իշխանության անկախության ցանկացած ոտնահարում պետական իշխանության գերակայության անտեսում, առաջին հերթին ժողովրդի արմատական շահերի խախտում է:

Պետական իշխանության գերակայությունը նախ և առաջ նշանակում է այդ իշխանության ոչնչով չսահմանափակվածություն, որ այդ իշխանությունը ոչնչով չի սահմանափակվում, բացառությամբ Սահմանադրությամբ, բնական իրավունքներով և օրենքներով: Գերակայությունը նշանակում է նաև, որ տվյալ պետության սահմաններում չի կարող գոյություն ունենալ որևէ այլ մրցակցող իշխանություն, այսինքն՝ բացառվում է երկիշխանությունը և ճանաչվում է միայն մեկ պետական իշխանության լեգիտիմությունը և նրա մարմինների հրապարակած օրենքների իրավաբանական ուժը:
Պետկանան իշխանության անկախությունն իր հերթին նշանակում է, որ միայն այդ իշխանությանն է վերապահված նորմատիվ ակտեր ընդունելու ու սահմանադրական կարգն ապահովելու իրավունքը և, հետևաբար, ոչ մի այլ քաղաքական ուժ չի կարող միջամտել որևէ պետական մարմնի գործունեությանը: Պետական իշխնության ինքնուրույնությունը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ պետության սահմաններից դուրս, ապահովվում է պետական մարմինների որևէ կախվածության (ֆինանսական, տնտեսական և այլն) բացակայությամբ:

Պետության ինքնիշխանության կարևոր ատրիբուտը և պարտադիր պայմանը նրա միջազգային իրավասուբյեկտությունն է, այսինքն՝ պետությունը կարող է լինել միջազգային հարաբերությունների մասնակից և, որպես այդպիսին, այլ պետությունների հետ միասին մասնակցում է միջազգային նորմերի մշակմանը, համատեղ որոշում են միջազգային հարաբերությունների բնույթը և միջազգային կազմակերպությունների գործառնությունը: Պետությունների այդ հնարավորությունները ոչնչով սահմանափակված չեն, բացառությամբ իրենց իսկ ստեղծած միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, որոնց համապատասխան էլ պետություններն, իբրև միջազգային իրավունքի սուբյեկտներ, ունեն իրավունքներ և ստանձնում են պարտավորություններ՝ ամրագրված միջազգային փաստաթղթերում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունում:

Նշենք նաև, որ պետության ինքնիշխանության ըմբռնման հարցում XX դարի երկրորդ կեսին զարգացած երկրներում նկատվեցին որոշ տեղաշարժեր՝ պետական ինքնիշխանության որոշ սահմանափակումների հնարավորություններ՝ պայմանավորված միջազգային համագործակցության ստեղծման, միջազգային խաղաղության ամրապնդման ու պաշտպանության, միջազգային տնտեսական ինտեգրման անհրաժեշտությամբ: Ինքնիշխանության սահմանափակման հնարավորությունը, իհարկե փոխադարձության հիման վրա, ամրագրվեց մի շարք երկրների սահմանադրություններում, ինչը նպաստեց, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանությանը, Եվրոպական Միության ստեղծմանը, տնտեսական ինտեգրմանը և այլն:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`851
Տեղադրվել է՝16:16:36 07-06-2014