Civil Consciousness - Նելսոն Մանդելա՝ մարդ, ով փոխեց միլիոնավոր ճակատագրեր
  • :
  • :


Նելսոն Մանդելա՝ մարդ, ով փոխեց միլիոնավոր ճակատագրեր


Նելսոն Մանդելան հայտնի է ոչ միայն որպես Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության ամենահայտնի ակտիվիստներից մեկը: Նրա կյանքը լի էր դժվարություններով և կորուստներով: Այդուհանդերձ, նա չընկրկեց և կարողացավ պայքարել իր համոզմունքների համար:

Նելսոն Մանդելան պատկանում է Տեմբո գերդաստանին, որն իշխում էր Հարավային Աֆրիկայի արևելյան Կաբո գավառում: Սակայն իշխող գերդաստանին պատկանելը նրան գահին տիրելու իրավունք չէր տալիս, քանի որ ընտանիքի կրտսերն էր: Բացի այդ, նրա հայրը Մվեզո գյուղի գյուղապետն էր, ում գաղութային իշխանությունները զրկեցին այդ պաշտոնից և տեղափոխեցին Կուն' պահպանելով նրա տեղը Տեմբո տոհմի գաղտնի խորհրդում, որն 9 տարեկան հասակում ժառանգեց Նելսոնը: Այդ ժամանակ նրա խնամակալը դարձավ Ջոնգինտաբան:

Լինելով գաղտնի խորհրդի անդամ' Նելսոն Մանդելան 1937 թ. տեղափոխվեց Ֆորտ-Բոֆորտ, որտեղ ընդունվեց մեթոդիստների քոլեջ: Այդ քոլեջում սովորում էին Տեմբո տոհմի բոլոր ներկայացուցիչները: 1939 թ. նա ընդունվեց Ֆորտ-Հերի համալսարան, որտեղ հանդիպեց իր ապագա ընկեր Օլիվեր Տամբոյին: Համալսարանում սովորելու արդեն առաջին տարում նա մասնակցեց հաստատության ղեկավարության կողմից վարվող քաղաքականության դեմ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված բոյկոտին: Շուտով նա ստիպված եղավ լքել Ֆորտ-Հերի համալսարանը:

Հեռանալով համալսարանից՝ Մանդելան իմացավ, որ իր խնամակալ Ջոնգինտաբան իր կամքին հակառակ մտադիր է ամուսնացնել իրեն: Այդ պատճառով Նելսոնը փախավ Յոհանեսբուրգ: Որոշ ժամանակ նա աշխատեց ոսկու հանքում որպես պահակ , բայց շուտով կորցրեց և այդ աշխատանքը, երբ գործատուն իմացավ, որ փախել է իր խնամակալից: Բարեբախտաբար, Ուոլտեր Սիսուլուն կարողացավ վերջինիս տեղավորել իրավաբանական գրասենյակում: Դա թույլ տվեց նրան նախ ստանալ բակալավրի աստիճան Հարավաֆրիկյան համալսարանում և ապա, 1943 թ. ընդունվել Վիտվատերստրադի համալսարան: Հենց այստեղ է, որ նա տարվեց ազատական գաղափարներով և սկսեց մասնակցել բողոքի տարբեր ակցիաների, օրինակ՝ վճարների բարձրացման դեմ մղվող պայքարին: Բացի այդ, նա ակտիվորեն մասնակցում էր Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի հանդիպումներին, որի անդամ դարձավ 1943 թ.:

Որպես Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի անդամ՝ նա ձևավորեց երիտասարդների խումբ, որն, ի տարբերություն Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի, երկրի գործող կառավարության նկատմամբ հանդես էր գալիս ավելի կոշտ դիրքորոշմամբ:

Քաղաքական կարիերայի սկիզբը

Իր քաղաքական գործունեությունը նա սկսեց 1948 թ.' դառնալով Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի երիտասարդների խմբի քարտուղար, ապա Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի ազգային խորհրդի անդամ, իսկ 1950 թ.՝ Երիտասարդական Լիգայի նախագահ: Նելսոն Մանդելան չէր դադարում պայքարել Հարավային Աֆրիկայի ժողովրդի իրավունքների համար: Հավատարիմ ընկեր և գործընկեր Օլիվեր Տամբոյի հետ միասին 1952 թ. Մանդելան հիմնեց Mandelo և Tambo իրավաբանական ընկերությունը և սկսեց անվճար օգնություն տրամադրել տեղի բնակիչներին:

Երկրի գործող իշխանությունները զգոն էին: 1956 թ. Նելսոն Մանդելան և 150 կողմնակիցներ ձերբակալվեցին պետական դավաճանության մեղադրանքով: Դատական գործը տևեց մինչև 1961 թ.: Արդյունքում բոլոր ամբաստանյալներն արդարացվեցին:

Այնուհետև նա սկսեց ակտիվ գործունեություն ծավալել ընդդեմ գործող կառավարության' կազմակերպելով և գլխավորելով Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի զինված թևը, որը կոչվում էր «Ազգի Նիզակ»: Սկզբնական շրջանում թևի անդամները կառավարության դեմ դիվերսիաներ էին կազմակերպում, այնուհետև սկսեցին պարտիզանական պատերազմ մղել, որի ժամանակ տուժեցին նաև խաղաղ բնակիչներ:

Բանտ և ազատություն

Սակայն նրա պատերազմը երկար չտևեց: 1962 թ. օգոստոսի 5-ին նա ձերբակալվեց ԿՀՎ-ի օգնությամբ և դատապարտվեց 27 տարի ազատազրկման: Ազատազրկման 18 տարին նա անցկացրեց Բարի Հույսի հրվարդանի մոտ' Ռոբեն կղզում գտնվող մենախցում: Որպես քաղբանտարկյալ' Նելսոն Մանդելան շատ ավելի քիչ արտոնություններ ուներ, քան մյուս բանտարկյալները: Նա կարող էր միայն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ նամակ գրել:

Հետաքրքրական է, որ ազատազրկումը չխանգարեց նրան ավարտել Լոնդոնի համալսարանը և ստանալ իրավագիտության բակալավրի աստիճան:

1982 թ. նրան Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի այլ բանտարկյալների հետ միասին տեղափոխեցին Պոլսմուր բանտ: Այդ քայլին, ինչպես ենթադրվում էր, կառավարությունը դիմեց քաղբանտարկյալների հետ հարաբերությունները բարելավելու համար: Իսկապես, 1987թ. Նելսոն Մանդելային առաջարկեցին ազատ արձակել պայմանով, եթե հրաժարվեր բռնությունն օգտագործել որպես քաղաքական զենք: Քանի որ այս առաջարկն արվել էր միայն Մանդելային, նա հրաժարվեց դրանից՝ ասելով հետևյալը. «Ի՞նչ ազատության մասին է խոսքը, երբ միջազգային կազմակերպությունը շարունակում է արգելվել: Միայն ազատ մարդիկ կարող են մտնել բանակցությունների մեջ: Բանտարկյալը չի կարող պայմանագրեր կնքել»:

Այնուամենայնիվ, Հարավային Աֆրիկայի կառավարությունը չէր դադարում բանակցել Նելսոնի հետ: 1988 թ. շատ մեղմ ռեժիմով նրան տեղափոխեցին Վիկտոր Վեստեր բանտ, իսկ 1990 թ. Հարավային Աֆրիկայի նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկը հրամանագիր ստորագրեց Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի օրինականացման համար, և 1990 թ. փետրվարի 11-ին Նելսոն Մանդելան ազատ արձակվեց:

Առաջին սևամորթ նախագահը

Ազատ արձակվելու օրը ելույթ ունենալով՝ Նելսոն Մանդելան քաջ գիտակցում էր, որ Աֆրիկայի Ազգային Կոնգրեսը շարունակելու էր սևամորթների ընտրությանը մասնակցելու իրավունքի համար մղվող պայքարը: Եվ իրոք, պայքարը դեռ շարունակվում էր: Իրար ետևից շարուանկվում էին անկարգություններն ու բունտերը, որոնք հանգեցրին ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Ընտրությունները տեղի ունեցան 1994 թ. ապրիլի 27-ին:

Ընտրությունների արդյունքում Նելսոն Մանդելան դարձավ Հարաֆային Աֆրիկայի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը: Նրա կառավարման առաջին 5 տարիների ընթացքում երկիրը կարողացավ դուրս գալ դժվարին վիճակից: Վերջինս կարողացավ օգնել հաղթահարել երկրի սոցիալ-տնտեսական անհավասարությունը: Նելսոն Մանդելան կարողացավ վերջ դնել սպիտակամորթների և սևամորթների միջև շարունակվող անհավասարությանը: Նախագահականի աշխատակազմում նա ոչ մի փոփոխություն չիրականացրեց, անգամ ներեց այն մարդկանց, ովքեր 27 տարով բանտարկել էին իրեն:

Նելսոն Մանդելայի կառավարման տարիներին Հարավային Աֆրիկայում առաջին անգամ բժշկական անվճար օգնություն ցուցաբերվեց և դրամական նպաստներ շնորհվեցին երեխաներին: Նելսոն Մանդելայի ավանդը Հարավային Աֆրիկայի ողջ պատմության մեջ դժվար է գնահատել:

1999 թ.՝ թոշակի անցնելուց հետո, Մանդելան սկսեց ուշադրություն դարձնել ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ի խնդիրներին: Ճակատագրի հեգնանքով, 2005 թ. նախագահի կրտսեր որդին՝ Մակգահոն, մահացավ հենց այս հիվանդությունից:

Դժվար է բառերով նկարագրել Նելսոն Մանդելայի ավանդն իր պետության կայացման գործում: Մանդելան իր ողջ կյանքը նվիրել է ժողովրդավարական պետություն ստեղծելու նվիրյալ գործին: Նա հավատում էր, որ ժողովուրդը կարող է հասնել հաջողության միայն ու միայն համառ և գիտակից պայքարի շնորհիվ:

2013 թ. դեկտեմբերի 5-ին կյանքից հեռացավ Նելսոն Մանդելան: Աշխարհը կորցրեց 20-րդ դարի մեծ բարեփոխչի, ով պայքարում էր մարդու իրավունքների համար և արժանացել է 2 տասնյակից ավել մրցանակաների, այդ թվում և Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Տաթևիկ Վարդանյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`880
Տեղադրվել է՝19:36:17 13-08-2014