Civil Consciousness - «Բռնապետությունից դեպի Ժողովրդավարություն»
  • :
  • :


«Բռնապետությունից դեպի Ժողովրդավարություն»

(Հատված Ջին Շարպի «Բռնապետությունից դեպի Ժողովրդավարություն» գրքից)

align=left

«Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ նախաձեռնությամբ և միջոցներով հայերեն է թարգմանվում ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ա. Էյնշտեյնի հետազոտական կենտրոնի հիմնադիր' պրոֆեսոր Ջին Շարպի հեղինակած «Բռնապետությունից դեպի Ժողովրդավարություն» գիրքը: Այս տարվա ընթացքում նախատեսվում է գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը, սակայն միչ այդ մեր կայքում կհրապարակենք գրքի հետաքրքիր հատվածներից: Ստորև առաջարկում ենք ծանոթանալ գրքի հատվածներից մեկին:http://www.youtube.com/watch?v=l_UTax4sZ9c

«Վերջին տասնամյակներում իսկապես հակում է նկատվում դեպի ժողովրդավարացումն ու ազատության ձեռքբերումը: Ըստ Freedom House-ի տվյալների՝ ամբողջ աշխարհում «ազատ» համարվող երկրների թիվը վերջին տարիներին նկատելիորեն աճել է: Այնուամենայնիվ, այս դրական հակման հակառակ կողմում կանգնած են այն մեծաթիվ մարդիկ, որոնք դեռ ապրում են բռնապետական համակարգերում: Համաձայն 2008 թվականի տվյալների' աշխարհի 6.68 միլիարդ բնակչության 34%-ը ապրում է «Ոչ Ազատ» համարվող երկրներում, այսինքն' տարածքներում, որոնք խիստ սահմանափակ են քաղաքական իրավունքներով և քաղաքացիական ազատություններով: Շատ երկրներ այսօր գտնվում են տնտեսական, քաղաքական, սոցիալական ոլորտներում ընթացող կտրուկ փոփոխությունների փուլում: Չնայած «Ազատ» համարվող երկրների թիվն աճել է վերջին տարիներին, այնուամենայնիվ, մեծ վտանգ կա, որ շատ ազգեր այսպիսի արագ փոփոխությունների պատճառով կշարժվեն հակառակ ուղղությամբ՝ բախվելով բռնապետության նոր դրսևորումներին: Ռազմական խմբավորումները, փառասեր անհատները, ընտրված պետական պաշտոնյաները և դոգմատիկ քաղաքական կուսակցությունները շարունակ կփորձեն իրենց կամքը թելադրել: Պետական հեղաշրջումներն առկա են և կշարունակեն պահպանել իրենց գոյությունը, իսկ ժողովուրդները զրկված կլինեն մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներից:

Բռնապետական համակարգերի խնդիրը խիստ արմատավորված է: Շատ երկրներում ժողովուրդները տասնամյակներ, նույնիսկ դարեր շարունակ ապրել են արտաքին կամ ներքին ճնշման ներքո: Բավականին երկար ժամանակ նրանք ստիպված են եղել առանց վայրկյան անգամ վարանելու հնազանդվել իշխանության ներկայացուցիչների կամայականություններին: Ծայրահեղ դեպքերում անգամ սոցիալական, քաղաքական, տնտեսական և հոգևոր կառույցները (պետական հսկողությունից դուրս) միտումնավոր կերպով թուլացվել, ստորադասվել կամ փոխարինվել են պետության կամ իշխող կուսակցության կողմից խստորեն վերահսկվող նոր կառույցներով լոկ միայն հասարակության վրա վերահսկողություն ունենալու նպատակով: Բնակչությունը հաճախ մասնատվել է (վերածվել առանձին գործող անհատներից բաղկացած զանգվածի), ազատության համար պայքարելու միասնականությունը չի ունեցել, նույնիսկ զուրկ է եղել սեփական նախաձեռնությամբ որևէ բան անելու ունակությունից:

Այս ամենից հետո բնակչությունը թուլանում է, մեծանում է անինքնավստահությունը, հասարակությունը կորցնում է պայքարելու ունակությունը: Մարդիկ սկսում են վախենալ նույնիսկ ընտանիքի անդամների կամ ընկերների հետ խոսել բռնապետության նկատմամբ ունեցած իրենց ատելության և ազատության հադեպ ունեցած ծարավի մասին, բացի այդ, մարդիկ սկսում են խորապես վախենալ հասարակական որևէ անհնազանդության գաղափարից անգամ: Վախի մթնոլորտը հենց այն է ինչ հարկավոր է ցանկացած բռնապետական համակարգին. եթե քաղաքացիները վախենում են խոսել, ուրեմն իրենց կարելի է անել այն ամենը, ինչ իրենք նպատակահարմար կգտնեն: Այդ ամենին վերջ դնելու համար քաղաքացիներից միայն պահանջվում է լինել իրական քաղաքացի, ունենալ քաղաքական և քաղաքացիական գիտակցություն, հետևողական լինել քաղաքական և հասարակական դաշտում ընթացող իրադարձությունների նկատմամբ, և, հնարավորության դեպքում, դրա մի մասը կազմել: Սեփական իրավունքների իմացությունը հակադրվում է վախի մթնոլորտի ստեղծմանն ու արմատավորմանը: Իրազեկվածության բարձր մակարդակը հնարավորություն կտա խելամտորեն պայքարել հանուն սեփական իրավունքների, գաղափարների և ապագայի հանդեպ ունեցած դրական հեռանկարների: Գիտակից քաղաքացու ձեռքերում է տվյալ պետության ապագան….

Թարգմանությունը «ՔԳ» ՀԿ-ի



Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`2208
Տեղադրվել է՝23:48:52 19-02-2014