Civil Consciousness - ԵՊԼՀ-ում տիրող իրավիճակի մասին
  • :
  • :


ԵՊԼՀ-ում տիրող իրավիճակի մասին

«ԱՈւՖ»-ն իր գործունեության ընթացքում միշտ անդրադարձել է Հայաստանի բոլոր համալսարաններում առաջացած խնդիրներին: Փետրվարի 11-ին Mamul.am կայքում է հայտնվել «Վ. Բրյուսովի անվան համալսարանի աշխատակիցների բաց նամակը' ոլորտի պատասխանատուներին ու իշխանություններին» վերտառությամբ անանուն հայտարարություն, համաձայն որի' ԵՊԼՀ-ում գործում է մի այնպիսի իրավիճակ, որը բուհին տանում է լուծարման: Հայտարարության մեջ մի քանի շեշտադրումներ կան, որոնք ուղղակի մտահոգիչ են մեզ համար: Նախ և առաջ, վերոնշյալ հայտարարությունն արվել է անհայտ անձանց կողմից, որը, մեղմ ասած, տարակուսելի է: ԵՊԼՀ-ում ցանկացած ապօրինի դրսևորում պատշաճ արձագանքի է արժանացել մեր կողմից: Ավելին' եղել են դեպքեր, երբ մեզ տարբեր խնդիրներով դիմել են ուսանողներ և նույնիսկ դասախոսներ, որոնց անձի գաղտնիությունը պահպանելով մենք բարձրաձայնել ենք ցանկացած խնդիր: Տվյալ հայտարարության մեջ նշված արատավոր երևույթների առկայության մասին տեղեկացել ենք հայտարարությունից:

Հայտարարության մեջ կան բազմաթիվ հակասական մոտեցումներ, որոնք մեզ համար հիմք են հանդիսանում կարծել, որ տվյալ հայտարարությունն ինքնանպատակ արված հայտարարություն է: Որպես ասվածի ապացույց կարելի է միայն մեջբերել հայտարարության հեղինակների կողմից ԿԳՆ-ի վերաբերյալ արված մեկնաբանություններն առ այն, որ ըստ հեղինակների, նշված ապօրինություններն ուղղորդվում են ԿԳՆ-ի կողմից և ի զարմանս մեզ, վերջում հայտարարության հեղինակները, որպես հայտարարության հասցեատեր են նշում ԿԳՆ-ին, մասնավորապես ասելով' «Մենք գնում ենք արծածված խնդիրները հրապարակայնացնելու քայլին՝ մի պարզ նպատակով՝ ԿԳ նախարարի և այլ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել Բրյուսովում տիրող աղետալի վիճակի վրա և ակնկալում ենք հստակ քայլեր՝ լեզվաբանական համալսարանը կործանումից փրկելու համար»: Այն, որ ՀՀ կրթական համակարգը ԿԳՆ-ի և, մասնավորապես, Արմեն Աշոտյանի կողմից վերածվել է փորձադաշտի և գրեթե ամբողջությամբ կուսակցականացվել է, որևէ մեկի համար գաղտնիք չէ, սակայն զարմանալին այն է, որ տվյալ հայտարարության հեղինակները համաձայնելով վերոգրյալ մտքի հետ' վերջում փորձում են ԿԳՆ և «պատկան մարմինների» կողմից ուշադրության արժանանալ:

Փորձը ցույց է տվել, որ ԵՊԼՀ ուսանողությունը երբեք անտարբեր չի եղել ԲՈւՀ-ի ներսում առկա խնդիրների նկատմամբ և միշտ պատշաճ կերպով արձագանքել է ցանկացած խնդրի, ի դեպ' ԵՊԼՀ ուսանողները ցանկացած խնդիր բարձրաձայնելիս անանուն հայտարարություններով հանդես չեն եկել, հակառակը' միշտ առանց վախենալու բոլոր հայտարարություններն արվել են կոնկրետ անձանց կողմից և, ի տարբերություն բազմաթիվ այլ աշխատակիցների, երբեք չեն հրաժարվել հրապարակային պայքարել հանուն սեփական իրավունքների:

Տվյալ հայտարարության հետ կապված ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը հայտարարության մեջ նշված բոլոր խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու ԲՈւՀ-ի ղեկավարությունից և փորձելու է սեփական աղբյուրներով պարզել եղելությունն ինչից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Իսկ անանուն հայտարարության հեղինակներին կոչ ենք անում կապվել մեզ հետ, եթե, իհարկե, նրանք իրապես ցանկանում են լուծել իրենց կողմից մատնանշված խնդիրները և եթե իրենց կողմից արված հայտարարությունը հերթական կուսակցական վեճերի տրամաբանական շարունակությունը չէ:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ մեր ուսանողական միության անդամ են հանդիսանում ԵՊԼՀ շուրջ 200 ուսանողներ, որոնք անհրաժեշտության դեպքում, ցանկած պահի պատրաստ են պայքարել հանուն իրենց սիրելի ԲՈւՀ-ի և անկախ տարատեսակ ճնշումների երբեք չեն խուսափել հրապարակայնորեն և անվանական պայքար մղել ԲՈւՀ-ում տիրող ցանկացած ապօրինի դրսևորման դեմ:

«ԱՈւՖ» խորհուրդ



Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1686
Տեղադրվել է՝16:32:01 19-02-2014