Civil Consciousness - Բերկլիի Համալսարանի Ուսանողական Շարժում
  • :
  • :


Բերկլիի Համալսարանի Ուսանողական Շարժում

«Համալսարանի ղեկավարությունը ահազանգ է ստացել և հարձակման ենթարկվել հեղափոխական ճանապարհով».Կալիֆորնիայում Բերկլիի համալսարանի կանցլեր

«Այդ փոքրամասնությունը կարողացավ բոցավառել ԱՄՆ-ում մեծ թվով երիտասարդ մտքեր, առաջացնել պարապմունքների դադարեցում, ստիպել 500 ոստիկանների իրականացնել 782 ձերբակալություններ, մոտ 10 հազար ռեգենտների միջնորդության ստորագրություն հավաքել և հասնել իրենց պահանջների աջակցության ուսուցիչների զգալի մասի կողմից: Ինչպե՞ս նրանք դրան հասան».«Լայֆ» ամսագիր
Ուսանողների ելույթները սկսվեցին այն պահից, երբ 1964 թ. սեպտեմբերի 14-ին վարչակազմը համալսարանի սեփականություն հայտարարեց համալսարանին կից այն տարածքը, որտեղ մինչ այդ քաղաքական բնույթ ունեցող ուսանողական տարբեր կազմակերպություններ իրականացնում էին իրենց գործունեությունը: Ուսանողների վրդովմունքն իր վրա հատուկ ուշադրություն հրավիրեց, քանի որ Բերկլին երևելի տեղ էր զբաղեցնում ամերիկյան համալսարանների շարքում: Բերկլիյում սովորում էր 27 500 ուսանող, այն գոյատևում էր պետության հաշվին, ուսումն այնտեղ անվճար էր, իսկ դասախոսները՝ բարձրակարգ: Բացի այդ, համալսարանը հայտնի էր քաղաքական և սոցիալական հարցերում իր կողմից ցուցաբերվող հանդուրժողականությամբ: Սակայն համալսարանի կողմից ընդունված նոր կանոնների համաձայն ուսանողները զրկվում էին համալսարանի տարածքում սեփական իրավունքների և քաղաքական այլ հարցերի վերաբերյալ քարոզչություն իրականացնելու և դրամական միջոցներ հավաքելու ազատությունից:
Այդ միջոցով վարչակազմը ուզում էր դադարեցնել այն ուսանողական խմբերի գործունեությունը, որոնք ժամանակին պայքարում էին հակաամերիկյան գործունեության հետաքննության հանձնաժողովի դեմ, իսկ այժմ ակտիվ մասնակցում էին քաղաքական իրավունքի և ազատության, ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման և Վիետնամի պատերազմի դադարեցման համար մղվող պայքարին: Պատահական չէ, որ որպես ուսանողների էլեմենտար իրավունքների վրա լայն հարձակման հիմնական օբյեկտ ԱՄՆ-ի մենաշնորհային շրջանակները ընտրեցին Բերկլի համալսարանը: Նրանց վաղուց մտահոգում էր այն հանգամանքը, որ համալսարանի ուսանողների ավելի քան 10 տոկոսը պայքարում է քաղաքացիական իրավունքների համար ինչպես ԱՄՆ-ի հարավում, այնպես էլ իրենց նահանգում:
Բուհի բյուրոկրատիան չէր ակնկալում որևէ լուրջ դիմադրություն ուսանողների կողմից: Սակայն ուսանողությունը ոտքի կանգնեց հանուն տարրական ժողովրդավարական օրենքների հաստատման, ԱՄՆ-ի սահմանադրության հռչակման, խոսքի իրավունքի, կազմակերպության, ոստիկանության և սոցիալական հարցերի լուծման: Ուսանողների հիմնական գաղափարն առավել լավ արտահայտված է շարժման ղեկավարներից մեկի՝ Բեգտինա Ապտեկերի ելույթում, որտեղ ասվում է. «Իրավունքները սահմանադրությունում առկա են միայն այն պատճառով, որ ոչ ոք դրանց չի հետևում, թեև շատերը հակառակն են կարծում»:
Ուսանողները ոչ մի «արմատական» փոփոխություն չէին պահանջում: Նրանց առաջին պահանջը հիմնված էր պաշտոնական փաստաթղթերում ամրագրված այն հիմնական դրույթի վրա, որտեղ ասվում էր. «Համաձայն բուհի քաղաքացիական իրավունքների մասին հոդվածի՝ համալսարանը չի կարող կարգապահական գործողություններ կիրառել համալսարանի ուսանողադասախոսական կազմի և այլ անդամների դեմ: Այլապես, բուհի անդամները հայտնվում են քաղաքացիական իշխանությունների իրավասության տակ»: Կարճ ասած, ուսանողները պայքարում էին, որ իրենց քաղաքական գործողություները քննվեին քաղաքացիական դատարանում, այլ ոչ թե որոշվեին կարգապահական նորմերի միջոցով:
Այնուամենայնիվ, այս ավելի քան համեստ պահանջում վարչակազմը սպառնալիք տեսավ ուղղված այն նորմերին, որոնցով նա վերահսկում էր ուսանողների մտքերը և մտածելակերպը: Վարչակազմը հայտարարեց, որ համալսարանի կանոնները քննարկման ենթակա չեն, որ միայն նա կարող է որոշել, թե ինչն է օրինական համալսարանում և ինչը՝ ոչ:
Ի պատասխան վարչակազմի այդ գործողությունների՝ 1964 թ. հոկտեմբերի 5-ին ուսանողները նախաձեռնեցին «Հանուն խոսքի ազատության» շարժումը:
Ինչպես ասում էր Բերկլիի համալսարանում քաղաքագիտություն դասավանդող առաջադեմ դասախոսներից մեկը «Շատ ուսանողների համար ողջ կրթական համակարգը մարդկանց կենսաբանական զանգվածի վերածելու միջոց է: Այն, ինչ տեղի ունեցավ Բերկլիյում, չի կարելի համարել անչափահաս իրավախախտների կամ ապերախտ ապստամբների մոլեռանդ պայթյուն: Այս ուսանողները, կանոններն ու օրենքները խախտելով, միայն փորձել են ստիպել վարչակազմին կոնկրետ գործողություններ ձեռնարկել: Այն վարչակազմին, որը չէր ցանկանում լսել նրանց արդարացի պահանջները և քննարկել դրանք որպես մտավոր հասարակության լիարժեք անդամների պահանջներ»:
Սեպտեմբերի 30-ին վարչակազմը կարգապահական միջոցներ ձեռնարկեց ժողովրդավարական ուսանողական կազմակերպություններ ներկայացնող ութ ուսանողների նկատմամբ: Երբ նրանց կանչեցին դեկանատ, այնտեղ ներկայացան ևս 450 ուսանողներ' հայտարարելով, որ իրենք նույնպես ենթակա են կարգապահական պատժի, քանի որ մասնակցել են այն նույն գործողություններին, որոնց համար պատժվում էր ութնյակը: Վարչակազմը հրաժարվեց զրուցել նրանց հետ: Ուսանողները նստացույց սկսեցին: Վարչակազմը նոր սադրանքի դիմեց՝ նշված ութ ուսանողներին անորոշ ժամանակով հեռացնելով:
Հոկտեմբերի 1-ին «Պայքար հանուն ռասսայական հավասարության» կազմակերպության անդամ Ջեք Վայնբերգը մյուս ուսանողների հետ միասին ձերբակալվեց իրենց կազմակերպության կողմից հրատարակված գրականությունը տարածելու համար: Դա վարչակազմի և ոստիկանության կողմից հերթական սադրանքն էր, որ հաշվարկված էր ուսանողներին վախեցնելու և նրանց ստիպելու համար, որպեսզի դադարեցնեն պայքարը: Դա հաշվով երրորդ սադրանքն էր այդ երկու օրերի ընթացքում: Բայց վարչակազմի ուսանողներին վախեցնելու մտադրությունը ձախողվեց: Ուսանողները որոշեցին շարունակել պայքարը: Նրանք շրջապատեցին զինվորական մեքենան, որում գտնվում էր Վայնբերգը: Հենց այստեղ էլ տեղի ունեցավ հանրահավաք, որի ժամանակ ելույթ ունեցողները պահանջում էին հանել մեղադրանքները հեռացված ութ ուսանողների դեմ, ազատ արձակել Ջեք Վայնբերգին, փոփոխություն կատարել համալսարանական օրենքներում կեմպուսում քաղաքական ազատություն մտցնելու նպատակով:
Կեմպուսը ողողեցին մահակներով, արցունքաբեր գազով և նռնակներով զինված 700 ոստիկաններ: Բոլոր ուսանողներին, ովքեր մասնակցում էին ոստիկանական մեքենայի շուրջ իրականացվող նստացույցին, սպառնում էին կալանքով: Նրանց զգուշացրեցին, որ եթե տաս րոպեից նրանք չհարթեն իրենց կոնֆլիկտը վարչակազմի հետ, ապա մահակները և նռնակները գործի կդրվեն: Ուսանողները ստիպված էին նահանջել, բայց նստացույցը նրանց հնարավորություն տվեց զգալու իրնց ուժը և ամրապնդեց վճռականությունը:
Գործի դրվեց «հակակոմունիզմի» սիրված եղանակը: Համալսարանի նախագահը հայտարարեց, որ մեքենայի շուրջ ցուցարարների 49 տոկոսը կոմունիստներ էին կամ նրանց համակիրներ: Սակայն դա էլ չկոտրեց վճռական ուսանողությանը: Չափազանց ակնհայտ էր ցուցարարների պահանջների արդարությունը, ուստի վարչակազմի հայտարարությունները միայն նպաստում էին այն ուսնողների հեղինակության բարձրացմանը, որոնք կանգնած էին բողոքի ակցիայի գլխին:
Հետագայում ուսանողները միավորվեցին իրենց սեփական կազմակերպություններում, որոնցից հիմնականներն էին «Ուսանողական միությունը» և «Ասպիրանտների համակարգող կոմիտեն»: Նրանք քաղաքական ուսանողական կազմակերպությունների, և, առաջին հերթին, ժողովրդավարական բնույթի կազմակերպությունների հետ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:
Համալսարանում ձևովորվեց ինքնատիպ համապետական ուսանողական ճակատ: Ուսանողների պահանջների արդարացիությունն այնքան ակնհայտ էր, որ նրանց սատարում էին համալսարանի շատ դասախոսներ, իսկ նրանցից ոմանք, հիմնականում երիտասարդների շրջանում, նույնիսկ մասնակցում էին ուսանողական ցույցերին և նստացույցերին:
Ուսանողների պայքարը սկսվեց նոր ուժով դեկտեմբերի սկզբին, երբ «Հանուն խոսքի ազատության» շարժման ղեկավար կոնիտեին մեղադրանք առաջադրվեց «հոկտեմբերի 1-ին և 2-ին ապօրինի ցույցեր կազմակերպելու» համար, չնայած նրան, որ այն ժամանակ շարժումը նույնիսկ դեռ պաշտոնականացված չէր:
«Դեկտեմբերի 2, 36 ժամ նստացույց». այդպիսին էր ավելի քան 800 ուսանողների պատասխանը: Նահանգապետի հրամանով համալսարանի տարածքում գտնվող Սպրոլ Դահլիճ ժամանեցին 600 զինված ոստիկաններ ձերբակալություններ իրականացնելու նպատակով: Առավոտյան ժամը 4-ին սկսվեցին ձերբակալությունները: Ձերբակալությունները շարունակվեցին երկու օր: Դա Միացյալ Նահանգների ամբողջ պատմության մեջ խաղաղ ժամանակ իրականացված ամենամեծ զանգվածային ձերբակալությունն էր:
Զինվորական մահակը կոտրեց երկրորդ հարկի պատուհանը: Ոստիկանները Ջեք Վայնբերգի ձեռքերից խլեցին խոսափողը, երբ նա փորձեց պատմել շենքի մոտ հավաքված հազարավոր մարդկանց այն մասին, թե ինչ է կատարվում ներսում: Ուսանողների հարցերով զբաղվող դասախոսական կոմիտեն փորձեց մտնել Սպրոլ դահլիճ ձերբակալություններին որպես վկա մասնակցելու նպատակով, սակայն դա նրանց չհաջողվեց: Այդ ժամանակ համալսարանի տարածքի ոստիկանությունը շենքի պատուհանները փակեց թերթերով, որպեսզի լրագրողները չկարողանան տեսնել, թե ինչ է կատարվում ներսում: Որոշ դասախոսներ փորձեցին հանդիպել նախագահ Քերիի և վարչակազմի այլ ներկայացուցիչների հետ, սակայն դա էլ նրանց չհաջողվեց:
Ոստիկանները ոլորում էին ուսանողների ձեռքերը, քարշ էին տալիս աստիճաններով ներքև, իսկ թեթև քաշ ունեցողներին՝ պարզապես շպրտում: Այդ ժամանակ ձերբակալվեցին 800 ուսանողներ: Նրանցից շատերը հայտնվեցին բանտում:
Ոստիկանական կամայականության կոպիտ ակտը ցնցեց ողջ համալսարանը: Ձերբակալություններից որոշ ժամանակ անց բանտի դարպասի մոտ հայտնվեց դասախոսների խումբ, որոնք պահանջում էին անհապաղ ազատ արձակել ուսանողներին: Կեմպուսում դասախոսները անցկացրեցին արտակարգ հանրահավաք, որտեղ քննադատեցին նահանգապետի գործողությունները և աջակցություն հայտնեցին «Հանուն խոսքի ազատության» շարժմանը: Իրենք՝ շարժման ղեկավարները նույն օրը կեսօրից հետո հանրահավաք անցկացրեցին, որին մասնակցեց 15000 մարդ: Համալսարանի շատ լսարաններում գրատախտակներին հայտնվեցին ինքնաշեն պաստառներ' գրված դասախոսների կողմից. «Ես չեմ դասավանդի այնքան ժամանակ, քանի դեռ կեմպուսում գտնվում են 600 ոստիկաններ»: Բոլոր վարչական և կրթական շենքերը շրջապատված էին պիկետներով, որոնց մասնակցում էին ուսանողներն ու դասախոսները: Դա դասադուլի սկիզբն էր, որը տևեց մի քանի օր և որին մասնակցեց ուսանողների ավելի քան 80 տոկոսը և մեծ թվով դասախոսներ:
Այդ օրերին «Հանուն խոսքի ազատության» շարժումն աջակցություն ստացավ ամենատարբեր աղբյուրներից: Դասախոսները 8,5 հազար դոլար հավաքեցին ձերբակալված ուսանողների համար որպես գրավ մուծելու նպատակով: 75 փաստաբաններ իրնց պատրաստակամությունը հայտնեցին դատարանում անվճար պաշտպանել ձերբակալված ուսանողների շահերը: Ուսանողների հետ համաձայնություն արտահայտեցին որոշ արհմիություններ: Բեռնատարների վարորդների միության անդամները հրաժարվեցին բեռներ անցկացնել համալսարանի տարածք ուսանողական պիկետների գծով:
Այս պայմաններում հավաքվեց ակադեմիական խորհուրդ, որին մասնակցելու իրավունք ունեին համալսարանի բոլոր դասախոսները (դասախոսների ռեկորդային թվով' ավելի քան 900 մարդ): Վեց հազար ուսանողներ սպասում էին դրսում: Ձայների մեծամասնությամբ խորհուրդը բավարարեց ուսանողների որոշ պահանջներ, մասնավորապես, վերացնել ուսանողների արտահայտման ազատությունը սահմանափակող կանոները, բուհական օրենքները պետք է կարգավորեին միայն այնպիսի հարցեր, ինչպիսիք էին քաղաքական գործունեության իրականացման ժամանակը, տեղը և բնույթը, իսկ ուսանողներին առնչվող քաղաքական բնույթի հարցերը պետք է գտնվեին դասախոսների իրավասությունների սահմաններում:
Բայց կառավարիչների խորհուրդը չհամաձայնվեց կարգապահական իշխանությունը վարչակազմից փոխանցել դասախոսներին: Ավելին, իրենց նիստի ժամանակ «Հանուն խոսքի ազատության» շարժման վրա կոմունիստական աղդեցությունը հետաքննելու նպատակով կառավարիչները ստեղծեցին գաղտնի կոմիտե:
Պայքարը շարունակվում էր: «Հանուն խոսքի ազատության» շարժման հիմնական նպատակն էր դարձել մոբիլիզացնել երկրի հասարակական կարծիքը 800 այն ուսանողների աջակցության համար, որոնք պետք է կանգնեին դատարանի առջև: Ուսանողները պատրաստ էին նոր, առավել ակտիվ ելույթների: Վերջիվերջո վարչակազմը ստիպված եղավ զիջել: Կանցլեր Սթրոնգը, ում ձեռքերով նահանգային իշխանությունները անց էին կացնում իրենց ռեակցիոն քաղաքականությունը համալսարանում, հրաժարական տվեց: Նորանշանակ կանցլերը հանդիպեց «Հանուն խոսքի ազատության» շարժման ղեկավարների հետ և հավաստիացրեց նրանց, որ պահանջները մեծ մասամբ կկակատարվեն:
Սակայն հաղթանակը լիակատար չեր: Վարչակազմի զիջումները ոչ մի կերպ չէին առնչվում կրթական համակարգին: Ուսանողները հասան միայն կեմպուսի քաղաքական գործունեությանն առչնվող կաննոների մասնակի ազատականացմանը: Քաղաքական բնույթի հանդիպումների ժամանակը և տեղը սահմանելու իրավունքը դեռևս պատկանում էր վարչակազմին:
Սակայն Բերկլիի ուսանողների հաջողությունը միայն իշխանությունների կողմից կատարված զիջումները չէին: Նրանք գիտակցեցին միասնական գործողության ուժը, հասկացան, որ միայն միասին գործելով կարելի է ստիպել վարչակազմին և իշխանություններին լսել իրենց արդարացի պահանջները:
Բերկլիի իրադարձությունները ամերիկյան այլ համալսարանների ուսանողներին ստիպեցին հասկանալ, որ բացի խնդանքների և դիմումների բանաձևից, որոնք որպես կանոն վարչակազմի կողմից մատնվում են անուշադրության, գոյություն ունեն պայքարի այլ միջոցներ ևս: Այս փաստը ստիպված էր ընդունել նույնիսկ NSA իշխանությունը: «Ամերիկացի ուսանող» ամսագրում ասվում է. «Հազվադեպ են դեպքերն ամերիկյան ուսանողության կյանքը ցնցել այնպես, ինչպես «Հանուն խոսքի ազատության» շարժումը Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում: Բերկլիի իրադարձությունները չափազանց մեծ ազդեցություն ունեցան: Ուսանողական բողոքի ակցիաներ սկսվեցին ամբողջ երկրով մեկ»: Կրթական ոլորտի որոշ աշխատակիցներ էլ չկարողացան թաքցնել իրենց զայրույթը՝ Բերկլիի բոլոր ուսանողներին «ապստամբներ», «անպատասխանատու տարրեր» անվանելով: Զայրույթը պայմանավորված էր այն աճող հետաքրքրությամբ, որ Բերկլիի ուսանողները սովորաբար ցուցաբերում էին կարևոր սոցիալ-քաղաքական հարցերի նկատմամբ:
-Բերկլիի ուսանողները,- գրում է «Հանուն խոսքի ազատության» շարժման ղեկավարներից մեկը,- հիմա պահանջում են այն, ինչ հուսով եմ, որ մի օր կպահանջի ողջ սպիտակ բնակչության ճնշված միջին դասը:
Բերկլիի իրադարձությունները և դրանց ազդեցությունը ուսանողական կյանքի վրա զայրույթ առաջացրեցին ԱՄՆ կառավարության շրջանում: Սակայն դրանք նոր վկայություն եղան այն բանի, որ ԱՄՆ «լուռ սերունդը» սկսում է ելույթ ունենալ: Շուտով ԱՄՆ-ում մթնոլորտը ցնցվեց մասսայական բողոքի շարժման ճիչերով, որոնք ավելի ու ավելի արմատական երանգ էին ստանում: ԱՄՆ-ում (ինչպես նաև կապիտալիստական այլ երկրներում) սկսվեց «հեղափոխությունը»' «ուսանողական հեղափոխությունը», որի պատմությունն ու գաղափարախոսությունը մեր օրերում դարձել են ավելի արդիական:

Նյութը պատրաստեց' Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1425
Տեղադրվել է՝19:05:45 26-02-2014