Civil Consciousness - Տյանանմեն Հրապարակի Արյունալի Իրադարձությունները
  • :
  • :


Տյանանմեն Հրապարակի Արյունալի Իրադարձությունները

1989 թ. ապրիլի 15-ից հունիսի 4-ն ընկած հատվածում Տյանանմեն հրապարակում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք Չինաստանում հայտնի են որպես «հունիսի 4-ի իրադարձություններ», իսկ արևմուտքում՝ «Տյանանմեն հրապարակի կոտորած» (անգլերեն՝ Tiananmen Massacre): Այդ իրադարձությունների, ավելի կոնկրետ, ցույցերի գլխավոր մասնակիցներն ուսանողներն էին:

Նախապատմություն

1978 թ. սկսած Դեն Սյաոպինի նախաձեռնությամբ սկսեցին իրականացվել տնտեսական և քաղաքական բարեփոխումներ, որոնք հանգեցրեցին շուկայական տնտեսության և քաղաքական ազատականացման հետզհետե ներդրմանը, որն էլ իր հերթին թուլացրեց չինական կոմունիզմի գլխավոր տեսաբան Մաո Ցզեդունի կողմից հիմնված համակարգը:
Որոշ ուսանողներ և մտավորականներ համարում էին, որ բարոփոխումները բավարար չեն, և որ անհրաժեշտ է արմատապես փոխել Չինաստանի քաղաքական համակարգը: Նրանք նաև մտահոգված էին Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից պահպանված սոցիալական և քաղաքական կառավարման միջոցներով: Հետևելով ՍՍՀ նախագահ Միխաիլ Գորբաչովի կողմից իրականացված քաղաքական ազատականացմանը՝ նրանք համեմատելի բարեփոխումների հույս ունեին:
Այնուամենայնիվ, գոյություն ունի իրադարձությունների հակառակ վարկած ևս, համաձայն որի ուսանողները բողոքում էին Դեն Սյաոպինի կապիտալիստական կողմնորոշման դեմ և պայքարում Մաոյի սոցիալական հաղթանակների պահպանման համար:
Որոշ վկաներ, օրինակ Վսևոլոդ Օվչիննիկովը, հարում այն տեսակետին, որ երիտասարդական ցույցերի հիմնական նպատակը մարդու իրավունքները և ժողովրդավարական ազատությունը չէին, ինչպես այն ժամանակ պնդում էին արևմտյան լրատվամիջոցները: Ցուցարարաները ամենից առաջ դատապարտում էին 1979 թ. Դեն Սյաոպինի կողմից նախաձեռնված բարեփոխումների բացասական հետևանքները: Նրանք դեմ եին արտահայտվում մասնավոր ձեռնարկատերերի և կուսակցական պետական ապառատի միջև կնքվող ապօրինի գործարքներին: Հենց կոռուպցիայի վերացմանն էր ուղված ցուցարարների հիմնական կարգախոսը «Դադաո, գուանդաո» («Դուրս մղել կոռումպացված չինովնիկներին»):
1989 թ. Տյանանմեն հրապարակում բողոքի ակցիաների իրականացման հիմնական պատճառ էր հանդիսացել Կոմունիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Խու Յաոբանի մահը: 1987 թ. Հունվարի 16-ին հայտարարվել էր գլխավոր քարտուղարի պաշտոնից Խու Յաոբանի հրաժարականի մասին: «Արագ բարեփոխումների» նրա բացահայտ կոչերը և գրեթե անթաքույց արհամարհանքը «մաոիստյան» կողմնորոշման նկատմամբ 1986-1987 թթ. ժողովրդավարական տրամադրված ուսանողների բողոքներից հետո նրան հարմար քավության նոխազ դարձրեցին Դեն Սյաոպինի և այլոց աչքերում:
1989 թ. ապրիլի 15-ին սրտի կաթվածից Յաոբանի հանկարծակի մահը ուսանողներին ոչ միայն  հանգուցյալ քարտուղարի մահը սգալու, այլ նաև նրա դեմ վճիռը չեղյալ հայտարարելու և 1986-1987 թթ. ժողովրդավարական բողոքների առանցքային խնդիրների վերաբերյալ իրենց պահանջները լսելի դարձնելու նպատակով կրկին հավաքվելու հնարավորություն տվեց: Ուսանողների դիրքորոշումը կիսում էին նաև ՉԺՀ մի շարք առաջատար գործիչներ՝ այդ թվում նաև Չժաո Ցզիյանը:

Հիմնական իրադարձություններ

Հիմնական գործողություններն իրականացվեցին Պեկինում' Տյանանմեն հրապարակում ապրիլի 27-ից մինչև հունիսի 4-ը: Ցուցարարները վրանային ճամբար դրեցին հրապարակում, որը ավանդաբար օգտագործվում էր որպես կառավարության դեմ զանգվածային բողոքի ակցիաների իրականացման վայր: Ցուցարարներին գաղտնի ֆինանսական աջակցություն էին ցուցաբերում Չժաո Ցզիյանի կողմնակիցները: Ցույցերի մասնակիցների կազմը չափազանց տարասեռ էր, իսկ պահանջները՝ հակասական. մտավորականները հավատում էին, որ կառավարությունը թաղված է կոռուպցիայի մեջ և երկիրը կառավարում է բռնապետական մեթոդներով և պահանջում էին բարեփոխումների շարունակություն, մինչդեռ քաղաքային աշխատողները համարում էին, որ Չինաստանում բարեփոխումները չափազանց հեռուն են գնացել և առաջացած գնաճն ու գործազրկությունը սպառնում է իրենց և իրենց ընտանիքներին: Ցուցարարների զգալի մասն ուսանողներ էին: Նշենք նաև, որ Պեկինից բացի ցույցեր էին անցկացվում նաև Շանխայում, Չունցինում, Ուխանում:
Այն բանից հետո, երբ ցուցարարները բազմիցս հրաժարվեցին ենթարկվել կառավարության կողմից արվող ցրվելու կոչերին, մայիսի 20-ին քաղաքում ռազմական դրություն հայտարարվեց: Իսկ ահա ամսվա վերջում ցուցարարներին ուժով ցրելու որոշում կայացվեց:
Հունիսի 3-ի առավոտյան Չինաստանի ազգային ազատագրական անզեն բանակը փորձեց մտնել հրապարակ, սակայն դուրս մղվեց, իսկ հունիսի 3-ի ուշ երեկոյան տանկերով Պեկին մտան բանակային զորամիավորումները, որոնք զինված դիմադրության հանդիպեցին: Արդյունքում տեղի ունեցան բաց ռազմական գործողություններ: Դեպքերից հետո Պեկին այցելած Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն պնդում էր, որ փողոցներում իրեն շատ մոտ գտնվում էին 15-ից ոչ պակաս այրված տանկեր և ռազմական մեքենաներ: Շտապ օգնության մեքենաները չէին կարողանում շարժվել բարիկադների պատճառով, ուստի վիրավորներին դուրս էին բերում ձեռքերի վրա:
Բախման ժամանակ ցուցարարներն օգտագործում էին ծայրերին գամեր ամրացված փայտե ձողեր, ուստի հետագայում նրանց մեծ մասը ձերբակալվեցին առանց դատի՝ համարվելով վտանգավոր հանցագործներ:
Բողոքները ճնշելուց հետո կառավարությունն իրականացրեց բողոքի մնացած կողմանիցների լայնամասշտաբ ձերբակալություններ, արգելեց իրադարձությունների լուսաբանումը արտասահմանյան մամուլում և խիստ վերահսկողության տակ դրեց չինական լրատվամիջոցները: Շարժման շատ ակտիվիստներ էլ փախան արտասահման' հիմնականում Հոնգկոնգ:
Իրադարձությունները ՉԺՀ կառավարության դատապարտման միջազգային ալիք բարձրացրեցին, որի արդյունքում սկսեցին գործել մի շարք պաշտժամիջոցներ և ձեռնարկվեցին ամենատարբեր միջոցառումներ Չինաստանի դեմ: ՉԺՀ միջազգային դիրքերն ամրապնդվեցին միայն 90-ական թվականների վերջում:

Հետևանքները

Սպանվածերի և վիրավորների թիվը մնում է անհայտ տարբեր աղբյուրների կողմից հրապարակվող տվյալների միջև անհամապատասխանության պատճառով: Չինաստանի կառավարությունը հայտարարում էր 242 զոհերի մասին՝ առանց զոհվածների ցուցակը հրապարակելու:
Արտահայտելով սեփական կարծիքը զոհերի թվի վերաբերյալ՝ Նիկոլաս Դ. Քրիստոֆն ասում է. «Շատ հնարավոր է՝ մահացածների թիվն անհայտ մնա: Չի բացառվում, որ զոհված լինեն հազարավոր մարդիկ, բայց, հիմվելով ներկայումս առկա ապացույցների վրա, կարելի է եզրակացնել, որ սպանվել է 12 ոստիկան և զինվորական և 400-800 քաղաքացիական անձ»:
Պատճառներից մեկը, թե ինչու չի հաջողվում տալ զոհվածների կոնկրետ թիվ, հավանաբար այն է, որ չինական զորքերն անմիջապես հավաքել են մարմիններն ու ոչնչացրել դրանք:
Պեկինի մամուլի ծառայությունները հաղորդում էին, որ հրապարակում ոչ ոք չի սպանվել, մինչդեռ այնտեղ արված տեսագրությունում լսվում են կրակոցների ձայներ: Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն պնդում էր, որ հարյուրավոր զինվորներ զոհվել են, իսկ շատերն էլ՝ վիրավորվել: Պետական խորհրդի ներկայացուցիչ Յուան Մուի փոխանցմամբ զոհերի ընդհանուր թիվը եղել է 300: Ինչպես և սպասվում էր, նրանց մեծ մասը զինվորներ էին, որոնցից որոշներին էլ նա «ավազակ» անվանեց: Ըստ Պեկինի քաղաքապետ Չեն Սիտունի՝ զոհվել էր 200 քաղաքացի և մի քանի տասնյակ «զինվոր»:
2007 թ. մայիսին Չինաստանի ժողովրդական խորհրդի կոնֆերանսի ժամանակ անդամներից մեկը հայտարարեց, որ սպանվածների թիվը եղել 300-600: Նա նաև հայտարարեց' այնտեղ կային զինված ավազակներ, որոնք ուսանողներ չէին:
Սակայն «Ռեյտեր» գործակալության լրագրող Գռեմ Էրնշոուն, ով հունիսի 3-ի լույս 4-ի գիշերն անց էր կացրել Տյանանմեն հրապարակում և արևմտյան լրագրողներից միակն էր, ով իրադարձություններին հետևել էր հենց հրապարակից, գրում է, որ այնտեղ ոչ մի կոտորած էլ չի եղել:
Միևնույն ժամանակ դեսպան Ջեյմս Լիլլին իր գրառումներում նշում է, որ պետքարտուղարության դիվանագետները ականատես են եղել, թե ինչպես են զինվորները կրակել քաղաքացիների վրա: Միևնույն ժամանակ, հենվելով հիվանդանոցներ կատարած անձնական այցերից ստացված տվյալների վրա՝ նշում է հայուրավոր սպանվածների մասին:
Սպանվածների և վիրավորների հստակ թվի բացակայությունը պայմանավորված է նաև նրանով, որ շատ քաղաքացիներ սպանվել են հրապարակին հարակից փողոցներում: Ուսանողների վկայությամբ իրենց վրա կրակահերթ է բացվել այն բանից հետո, երբ լքել են հրապարակը: Սպանվածների թիվը հատկապես մեծ էր Պեկինի համերգասրահի տարածքում:
Տարբեր աղբյուրներ նշում են զոհերի տարբեր թվեր.
300-1000 ռեժիմի զոհ խաղաղ բնակչության շրջանում-New York Times
1000-ից ավելի մահապատժի ենթարկվածներ - Միջազգային Համաներման  Հասարակական Կազմակերպություն
4000-6000 անմեղ զոհ - Էդուարդ Թիմփերլեյք
7000 գնդակահարված (6000 քաղաքացի և 1000 զինվոր) - ՆԱՏՕ-ի հետախուզություն:
ՉԺՀ տվյալների համաձայն «պաշտոնական զոհերի թիվը» եղել է 200, որոնցից 36-ը եղել են ուսանող, 10-ը՝ զինվոր և 13-ը՝ այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Մոտ 7000 մարդ վիրավորվել է: Հեղինակավոր լրատու «The Far East and Australasia»-ի փոխանցմամբ զոհերի թիվը հասել է 1000-ի:
Ուսանողական բողոքներից հետո Պեկինի Տյանանմեն հրապարակում սկսվեցին քաղաքական դատավարություններ, որոնց հետևանքով մահապատժի ենթարկվեցին մի քանի ուսանողական առաջնորդներ:
2008 թ. Amnesty International-ը հաղորդեց այն մասին, որ տասնյակ մարդիկ «անարդար դատավարությունների արդյունքում մինչ այժմ տանջվում են չինական բանտերում»: Հետագայում շատ ուրիշներ ազատազրկվեցին նրա համար, որ բողոքի ալիք էին բարձրացրել և կասկածի տակ դրել 1989 թ. իշխանությունների կողմից ձեռնարկված գործողությունները»:align=none

Նյութը պատրաստեց' Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1421
Տեղադրվել է՝16:46:16 05-03-2014